Հասարակական

Փաշինյանը կարևորում է քրեական ենթամշակույթի հաղթահարումը

4 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորում է քրեական ենթամշակույթի հաղթահարումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում քրեական ենթամշակույթի հաղթահարումը՝ որպես հանցագործությունները կանխելու մի քայլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավոր նկատեց, որ հանցագործությունների թիվն աճել է 21 տոկոսով կամ 42 հազար դեպքով, հետաքրքրվեց դրա պատճառներով: «Ուզում եմ հասկանալ՝ այս աճը ինչո՞վ է պայմանավորված, գուցե քաղաքացիները սխա՞լ են հասկացել ժողովրդավարության ընկալումը, այլ մոտեցում են ցուցաբերում»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց՝ կառավարության ստեղծած հնարավորությունը ոմանց կողմից չարաշահվում է: Նա հիշեցրեց, որ 2019-ին հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար ոստիկանության համար պարգևավճարների համակարգ են ներդրել: «Վերջերս պարզվեց մի դեպք, որ ոստիկանության բաժնի պետը և անձնակազմի որոշ ներկայացուցիչներ թաղի հանցագործների հետ պայմանավորվում են, որ նրանք գնան գողություն անեն, իրենք դա բացահայտեն և պարգևավճար ստանան: Հայաստանը երկար տարիների կալանավորված անձանց թվով եղել է շատ մտահոգիչ տեղերում, իսկ այսօր Հայաստանը կալանավորված անձանց ցուցանիշներով արդեն համապատասխանում է եվրոպական եթե ոչ լավագույն, ապա ամենացածր նշաձողին»,-ասաց Փաշինյանն ու նկատեց՝ սա ինչ-որ առումով հաջողություն է, սակայն բերում է նաև ռիսկերի:

Վարչապետը նկատեց՝ կա ուրիշ խնդիր՝ կան գողության համար մեղադրյալ ներգրավված անձինք, որոնց խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը՝ չհեռանալու մասին, և իրենք նախաքննության ընթացքում նոր գողություն են անում: Փաշինյանը նշեց՝ թեև ինքը ևս բանտից համաներմամբ է դուրս եկել, բայց ընդհանուր առմամբ համաներումը համարում է շատ վատ գործիք, քանի որ գործնականում համաներմամբ ազատվածների 60-70 տոկոսը նոր հանցանք է կատարում առաջիկա 1-2 տարում: Փաշինյանը նկատեց՝ կա նաև ոստիկանության և իրավապահ համակարգի արդյունավետության խնդիրը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչ աշխատանք պետք է անել, որ մարդը հետ կանգնի սխալ ճանապարհից՝ հանցագործություններ կատարելուց: Փաշինյանը նկատեց՝ մի կարևոր գործ իրենք արել են: «Դա հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարի օրենսդրությունն է: Երբ խոսվում է, այսպես կոչված, օրենքով գողերի մասին, ես չգիտեմ, թե հանրության շրջանակում նրանց մասին ինչ պատկերացումներ կան, սակայն նրանց աշխատանքը պրոֆեսիոնալ հանցագործություններ կազմակերպելն է: Օրինակ՝ ստանալ տեղեկատվություն, որ այսինչ տանը կա լավ բան, որը կարելի է գողանալ և այդ ինֆորմացիան փոխանցել պոտենցիալ գողին, նրան ուղարկել գողության, նրան տալ սեփական բաժինը, ինֆորմացիա բերողին տալ իր բաժինը, իրեն վերցնել իր բաժինը: Եվ մենք կարծում ենք, որ բարեփոխումների օրակարգում այդ հարցը պետք է լուծվի: Նոր քրեական դատավարության օրենսգրքով մենք նախատեսում ենք, որ մենք կալանքի փոխարեն ներդնելու ենք էլեկտրոնային բրասլետի համակարգը, որը թույլ է տալու տեսնել մարդու հետագիծը: Քրեական ենթամշակույթի հաղթահարումը շատ կարևոր է: Օրինակ՝ մեկը տեսնում է, որ հարևանի տանից գողություն է արվում, ասում է՝ ես գրող չեմ, զանգող չեմ, որ զանգեմ ասեմ»,-եզրափակեց Փաշինյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում