Ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան․ ԱԳՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է, թե վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերն ու Աննա Նաղդալյանի պատասխանները․

Հարց. Վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ ապագայում:

Մենք բազմիցս ենք նշել, որ արտերկրում հայտնված և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս առումով ցանկանում եմ նշել, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանափակումների պարագայում յուրաքանչյուր թռիչքի իրականացում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ՝ սկսած թույլտվությունների ձեռքբերումից մինչև տեղում և տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում: Ուստի բնական է, որ թռիչքներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ՝ վերոնշյալ հանգամանքներից ելնելով:

Փորձեմ ներկայացնել վերջին շրջանի տվյալները՝ հակիրճ:

Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ միջև սերտ համագործակցության արդյուքնում և Իրաքյան Քրդստանի կառավարության հովանավորությամբ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 133 քաղաքացիների։

Ապրիլի 27-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ՀՀ 18 քաղաքացիներ Վարշավայից ավտոբուսով տեղափոխվել են Մինսկ, որտեղից Մինսկ-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան:

Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան վերադարձան ՀՀ 120 քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 25 քաղաքացիներ։ Այս թռիչքի կազմակերպման առումով մեծ աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։ Թռիչքն հնարավոր է դարձել Ուկրաինայում ՀՀ դեսպանության և Ուկրաինայի հայերի միությանը և համայնքային ներկայացուցիչների անձնական ջանքերի շնորհիվ:

Իրականացվել է նաև մեր քաղաքացիների վերադարձը Սիրիայից: Ապրիլի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղափոխումը Դամասկոս, որից հետո վերջիններս, Դամասկոսից արդեն ևս 3 քաղաքացիների հետ միասին, թռիչք կատարեցին դեպի Երևան:

Ցանկանում եմ առանձահատուկ ընդգծել, որ վերոնշյալ միջոցառումների արդյունքում Հայաստան վերադարձած մեր բոլոր քաղաքացիները գտնվում են 14-օրյա պարտադիր կարանտինում:

Հարց. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը մեր քաղաքացիների կողմից ի՞նչ հարցեր են բարձրացվում, և ի՞նչ է արվում դրանք հասցեագրելու ուղղությամբ:

Նշեմ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայումս 5000 դիմումատուի հայտ է ստացել, որոնց մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո։ Սկսած մարտի 22-ից՝ հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 8500-ը։

Մարտի 20֊ից սկսած մինչև այսօր հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։

Հարյուրավոր քաղաքացիների կացության և սննդի հարցն ապահովվել է նաև Դոնի Ռոստովում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում և ՌԴ այլ քաղաքներում։

Ընդգծեմ, որ աշխատանքներ են տարվել մոտ 517 քաղաքացու աշխատանքի տեղավորման ուղղությամբ։ 117 քաղաքացի մարտ, ևս 400 քաղաքացի, այդ թվում կանայք, ապրիլ ամսվա ընթացքում անցել է աշխատանքի՝ ՌԴ տարբեր մարզերում։ Իսկ մոտ 150 քաղաքացի հրաժարվել է աշխատանքի առաջարկից։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բուժհաստատություններում գտնվող ՀՀ երկու տասնյակ քաղաքացիների և բուժանձնակազմի հետ պահպանում է մշտական կապ և ըստ անհրաժեշտության՝ տրամադրում է համապատասխան պարագաներ։

Օժանդակություն է ցուցաբերվում նաև տնային պայմաններում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժվող ՀՀ 8 քաղաքացու։

Տանը ինքնամեկուսացման պայմաններում գտնվող և ծանր ֆինանսական կացության մեջ հայտնված 45 ընտանիքի մշտական հիմքով տրամադրվում է պարենային զամբյուղ։

Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով։

Կցանկանայի ընդգծել, որ բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են բարերարների, համայնքային կառույցների հետ համագործակցությամբ։

Հայերեն

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը