Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ցեղասպանության ճանաչումը՝ թուրք սերունդների փրկօղակ

3 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ցեղասպանության ճանաչումը՝ թուրք սերունդների փրկօղակ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դիտարկվել են մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։ Այսպես, 1984 թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն։ 1997 թ. նմանատիպ որոշում կայացրեց Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային միությունը: 2000 թ. հունիսի 8-ին «Նյու Յորք Թայմս» եւ «The Jerusalem Post» թերթերում Հոլոքոստի 126 ուսումնասիրողների հայտարարությունը (այդ թվում՝ Եղուդ Բաուեր, Իսրայել Չարնի եւ Էլի Վիզել)՝ հաստատելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանության փաստի անվիճելիությունը: 2001 թ. հայ-թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը դիմեց «Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային կենտրոն»-ին (ԱՇԱՀՄԿ) անկախ եզրակացության համար. արդյո՞ք 1915 թ. իրադարձությունները համարվում են ցեղասպանություն։ 2003 թ. սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը, որ 1915 թ. իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին, եւ այս եզրույթի կիրառումը ամբողջովին արդարացի է:

Բացի այս, հայտնի է Օսմանյան կայսրությունն առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչների դատավարությունը Կ. Պոլսում՝ 1919-20 թթ., երբ, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին։ Երիտթուրքերի դատավարությունը ցույց տվեց, որ արեւմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չէին եւ սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, ինչպես ցանկանում էին ներկայացնել հանցագործները, այլ եղել են կանխամտածված ու մշակված գործողություններ...»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում