Հասարակական

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հորդորում է տեսնել հեռավար կրթության դրական կողմերը

2 րոպեի ընթերցում

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հորդորում է տեսնել հեռավար կրթության դրական կողմերը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հեռավար կրթության դրական կողմերին, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել կրթական համակարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հեռավար կրթության ոլորտում հատկապես էական են ուսուցիչների շրջանում համագործակցությունն ու համերաշխությունը, աշակերտների, ծնողների և ուսուցիչների միջև համագործակցային նոր մոդելները, սովորելու և կրթելու պատրաստակամությունը:

«Մենք ենք ամեն անգամ ընտրում, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել: Չեմ ասում, որ պետք է վարդագույն ակնոցներ դնել, բայց կարելի է յուրաքանչյուր գործընթաց դիտել որպես հնարավորություն, որի միջոցով կարող ենք դրական փոփոխություններ իրականացնել կրթական համակարգում»,-ասաց Անդրեասյանը:

Նա շեշտեց, որ հավանաբար որևէ մեկը գոհ չէ դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակից, որը կար նաև մինչև արտակարգ դրությունը: «Այնպես չէ, որ բոլորս կարծում էինք, թե մեր դպրոցներից, բուհերից և քոլեջներից դուրս են գալիս իդեալական շրջանավարտներ, որոնք լիովին պատրաստ են կյանքի հաջորդ փուլին»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Անդրեասյանի խոսքով՝ այս իրավիճակի տևելու ընթացքը կախված է նրանից, թե ինչպիսին կլինի իրադրությունը երկրում, իսկ կրթության որակի ներկա վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք որոշել փոխել այն:

Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնական տարվա ավարտը: Հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում մինչև մայիսի 22-ը, իսկ վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 23-ը:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում