Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա առցանց բարեգործական համերգով

2 րոպեի ընթերցում

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա առցանց բարեգործական համերգով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 25-ին կայանալու է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի առցանց բարեգործական մենահամերգը՝ ուղիղ եթերում՝ Երևանի ժամանակով 23։00։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն նվիրված է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, և համերգի տոմսերից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությանը (www.SOAR-us.org)։

Առցանց համերգի ընթացքում կատարվելու են Բախի, Մոցարտի, Շոպենի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Գուրջիևի և Դելալյանի ստեղծագործությունները։

«Այսօր ապրում ենք բարդ ժամանակներում, բայց երբեք չպետք է մոռանանք, անկախ մեր խնդիրներից, մեր կարիքն ունեցող մանուկների մասին, քանի որ ես վստահ եմ՝ նրանց շարքում են պոտենցիալ Խաչատրյանները, Կոմիտասները, Մոցարտներն ու Նյուտոնները։ Առանց հանդիսատեսի ձևաչափն ինձ համար, իհարկե, խորթ է, շատ եմ կարոտել հատկապես երևանյան ունկնդրին, սակայն գիտակցում եմ, որ տանը մնալն այսօր կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար և, հուսով եմ, իմ կատարմամբ մի փոքր ջերմություն կհասցնեմ մարդկանց բնակարաններ, և բարի գործ կանենք միասին»,-նշեց դաշնակահարը։

Այս տարի ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքն է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայկ Մելիքյանի կենդանի կատարումների ներքո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում