ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վարչապետ Էդուար Ֆիլիպը տեղեկացրել է, որ ոստիկանությունը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում մեկուսացման ռեժիմ մտցնելուց ի վեր, անցկացրել է 13.5 միլիոն ստուգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Ստուգումների արդյունքում գրանցվել է 800 հազարից ավելի խախտում:
«Վերահսկողության շնորհիվ, կարող ենք ասել, որ մեկուսացման միջոցառումների նկատմամբ հարգանքը, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը կոչ էր արել արտերկրում մշտական բնակություն հաստատած իրենց քաղաքացիներին, մնալ այնտեղ, որտեղ բնակվում են:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 152 հազար 894, մահացել է 19 հազար 718մարդ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։