Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 18-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ալբանիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնրել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, ալբանականը՝ ԱԳՆ Քաղաքական և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գազմենդ Բարբուլուշին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք առաջնային հարցեր՝ միտված երկու երկրների միջև ձևավորվող քաղաքական երկխոսության ընդլայնմանը և տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների բացահայտմանը: Ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների, խորհրդարանական դիվանագիտության, իրավապայմանագրային դաշտի ստեղծման, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցերին։ Սամվել Մկրտչյանը ներկայացրել է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ներկայիս օրակարգը:

Նշվում է, որ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, ընդգծել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և կանխատեսելի միջավայրի հաստատման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում