Արցախ

Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահական ընտրությունների մասնակցության ցուցանիշը ցածր չի համարում

3 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահական ընտրությունների մասնակցության ցուցանիշը ցածր չի համարում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ցածր չի համարում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում արձանագրվող մասնակցության ցուցանիշը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում։

Ապրիլի 14-ի, ժամը 11։00–ի դրությամբ` ընտրություններին մասնակցել է 29 հազար 443 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 28,4%–ը:

«Ես չեմ համարում մասնակցության ցածր ցուցանիշ։ Նորմալ, առանց որևէ խնդրի մարդիկ գնում են ընտրությունների։ Առաջին փուլում եղել է շատ ակտիվ, այս փուլում պասիվ չէ, իրավիճակին համապատասխան է»,- ասաց Հարությունյանը։

Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:

Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում