Շվեդիայում կտրուկ ավելացել է համակարգիչների ու հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկը. Ռեգնում
1 րոպեի ընթերցում
![Շվեդիայում կտրուկ ավելացել է համակարգիչների ու հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկը. Ռեգնում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011972.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է համակարգիչների և հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի: Քանի որ մեծ թվով մարդիկ ստիպված են աշխատել տանից, հետևաբար ավելացել է նաև նման տեխնիկայի նկատմամբ պահանջարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով շվեդական «Sveriges Radio»-ին, նշում է, որ էլեկտրոնիկայի մասնագիտացված խանութներից մեկում վաճառքի ցուցանիշներն աճել են 1500 տոկոսով:
Խանութներում նշել են, որ այս փուլում պահանջված են սեղանի համակարգիչները, նոութբուքերը, տպիչները, վեբ-տեսախցիկները, մոնիտորները, ստեղնաշարերը, ականջակալները: Տարբեր խանութների ցանցերում նշում են, որ ամենից շատ նկատվում է ականջակալների վաճառքի մեծ աճ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։