Աշխարհում պարենային ապրանքների գները մարտին նվազել են

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենային ապրանքների համաշխարհային գները մարտ ամսին կտրուկ նվազել են, պայմանավորված հիմնականում COVID-19 համաճարակի արդյունքում առաջացած պահանջարկի նվազմամբ և համաշխարհային շուկայում յուղերի գների անկմամբ: Սա հիմնականում հետևանք է նրա, որ կառավարությունները տնտեսական առումով որոշ սահմանափակումներ են մտցնում՝ միտված ներկայիս առողջապահական ճգնաժամը հաղթահարելուն: Այս մասին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպութան Հայաստանի գրասենյակից։

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում կազմել է միջինը 172.2 նիշ, ինչը փետրվարի համեմատ ցածր է 4.3 տոկոսով:

‹‹Գների անկումը մեծապես պայմանավորված է պահանջարկի գործոններով, այլ ոչ առաջարկով, իսկ պահանջարկի գործոնների վրա ազդում են էլ ավելի վատթարացող տնտեսական հեռանկարները,›› նշում է ՊԳԿ ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբբասիան:

«ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը գրանցել է ամենամեծ անկումը՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 19.1 տոկոսով: Պատճառները ներառում են՝ արտաքին սպառման ավելի ցածր պահանջարկը, որը կապված է շատ երկրների կողմից կիրառվող արգելքների հետ, և էթանոլ արտադրող երկրների կողմից պահանջարկի նվազումը, ինչը կապված է անմշակ նավթի գների կտրուկ անկման հետ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը մեկ ամսում նվազել է 12.0 տոկոսով, ինչը հիմնականում կապված է արմավենու յուղի գնի անկման հետ՝ պայմանավորված անմշակ նավթի գների կտրուկ նվազմամբ և համաճարակի արդյունքում բուսական յուղերի համաշխարհային շուկայում առաջացած աճող անորոշությամբ: Սոյայի և հլածուկի յուղերի գները նույնպես նվազել են:

‹‹Անցած ամսվա ընթացքում նավթի գները ավելի քան կիսով չափ նվազել են, ինչը մեծ ազդեցություն է ունեցել կենսավառելիքի գների վրա: Վերջինս շաքարավազի և բուսական յուղերի շուկաներում պահանջարկի կարևոր աղբյուր է հանդիսանում››, ասել է ՊԳԿ վերլուծաբան Փիթեր Թենեսը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3.0 տոկոսով, ինչը պայմանավորված է զտված և չզտված կաթի փոշիների գնառաջարկների և ներմուծման համաշխարհային պահանջարկի անկմամբ: Սա հիմնականում պատճառ է այն բանի, որ COVID-19-ի տարածումը վերահսկելու նպատակով կիրառված զսպող միջոցառումները հանգեցրել են կաթնամթերքի մատակարարման շղթաների խաթարումների:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտին նվազել է 1.9 տոկոսով և համարյա հավասարվել նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշին: Նվազել են ինչպես ցորենի, այնպես էլ եգիպտացորենի միջազգային գները: Վերջինս հետևանք է նրա, որ առկա են եգիպտացորենի մեծ պաշարներ, իսկ կենսավառելիքի ոլորտի կողմից բավականին ցածր պահանջարկ կա:

Բրնձի միջազգային գները, հակառակը, երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում, ինչը հետևանք է նրա, որ համավարակի պատճառով պահուստային կուտակումներ են եղել և այն հաշվետվությունների ֆոնին, որ Վիետնամը կարող է արտահանման արգելքներ ներկայացնել, ինչն ի սկզբանե այդ երկրի կառավարությունը հերքել է:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն անցյալ շաբաթ կայացած մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ժամանակ՝ դիմելով երկրների ղեկավարներին կոչ է արել ‹‹միջոցներ ձեռնարկել, որպեսզի գյուղատնտեսական ապրանքների առևտուրը շարունակի իր կարևոր դերակատարումն ունենալ համաշխարհային պարենային անվտանգությանը նպաստելու գործում›› և խուսափել այնպիսի միջոցառումներից, որոնք կխանգարեն պարենի մատակարարման համակարգերին սնող առևտրային հոսքերին: ՊԳԿ-ն ուշադիր հետևում է պարենային ապրանքների գներին և նյութատեխնիկական ապահովման հարցերին՝ նպատակ ունենալով ահազանգել երկրներին առաջացող խնդիրների մասին, որոնք կարող են ավելի սրել համավարակի ընթացքում առաջացած հնարավոր խափանումները:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 0.6 տոկոսով՝ պայմանավորված մանր և խոշոր եղջերավոր անասունների մսի միջազգային գնառաջարկի անկմամբ, որի համար մեծ են արտահանման հնարավորությունները բայց առևտրային կարողությունները նվազել են՝ նյութատեխնիկական ապահովման խոչընդոտների պատճառով: Սակայն աճել է խոզի մսի գնառաջարկը՝ մեծացող համաշխարհային պահանջարկի և վերամշակման գործարաններում աշխատողների տեղաշարժի սահմանափակումների պատճառով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել են նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում