Արցախ

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի 4-րդ տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ։

«Չորս տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին, կոպտորեն խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Թիրախավորվեցինոչ միայն Արցախի պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև քաղաքացիական բնակչությունը: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը և մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի և ռազմական տեխնիկայի քանակը, ինչպես նաև հարձակմանը նախորդածժամանակահատվածում լարվածության բարձրացմանըև խաղաղ գործընթացի տապալմաննուղղված ադրբեջանական կողմինպատակային քայլերը վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան մանրամասն ծրագրված և նախապատրաստված ռազմական օպերացիա էր:

Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի և մարտական գործողությունների վարման կանոններիկոպտագույն խախտումներով: Այս հանցագործությունները մանրամասն փաստաթղթավորվել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից և երկու հատուկ զեկույցներով ներկայացվել միջազգային հանրությանը:

2016թ. ապրիլյան ագրեսիան Ադրբեջանի հերթական փորձն էր՝ուժի միջոցով լուծելուադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Միայն Արցախի Պաշտպանության բանակի վճռական գործողությունների, ինչպես նաև համայն հայության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ խափանել Բաքվի պլանները և հարկադրել ադրբեջանական կողմին վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը:

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը մարտահրավեր դարձավ ոչ միայն մեր հանրապետության, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանգործընթացի համար։ Հատկանշական է, որ ապրիլյան ագրեսիայից քիչ առաջ՝ 2016թ. մարտի 19-ին, Ադրբեջանի նախագահը ակնհայտ կերպով մեղադրել էր Մինսկի խմբի համանախագահներին այն բանում, որ նրանք «իրենց ապակառուցողական գործունեությամբ ծառայում են հակամարտության սառեցմանը» և այդ պատճառով ադրբեջանական ժողովրդի հավատը նրանց գործունեության նկատմամբ ամբողջությամբ խաթարված է:

Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվությունէ կրում ինչպես ապրիլյան ագրեսիայի սանձազերծման, այնպես էլ Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքումիր զինծառայողների կողմիցիրականացված հանցավոր գործողությունների համար: Այն փաստը, որ ռազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանական զինծառայողները, պարգևատրվել են անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, ևս մեկ հաստատում է, որ այս գործողությունները իրականացվել են ադրբեջանական իշխանությունների հրամանով կամ նրանց ղեկավարմամբևվերահսկմամբ: Հաշվի առնելով, որ այսօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետչունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի հետևողական ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ապրիլյան ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է:

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են՝ետ մղելով 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիան կամ դարձել են Բաքվի ռազմական արկածախնդրության անմեղ զոհը: Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ ողբերգական օրերին աջակցել են Արցախի ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում