Կառավարությունը գյուղոլորտի վարկերի տոկոսները զրոյացնում է և համաֆինանսավորում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը, որը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս գործիքն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում զբաղված ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

«Սրանով մենք զրոյացնում ենք բոլոր այն տոկոսագումարները, որոնք առայսօր գյուղոլորտում առկա տարբեր ծրագրերով սահմանված էին: Օրինակ՝ ունեինք լիզինգի ֆինանսավորման աջակցության գործող գործիք, որտեղ տոկոսները սուբսիդավորում էինք մինչև 2-4 տոկոսով: Մենք հիմա այդ տոկոսները զրոյացնում ենք: Մեկ այլ ծրագրով, որ կառավարությունը սուբսիդավորում էր 12 տոկոսից 7 տոկոսը, և գյուղացիական տնտեսությունները վճարում էին 5 տոկոս, հիմա դա ևս զրոյացնում ենք: Հաջորդը, մենք հիմա ասում ենք, որ կսուբսիդավորենք նաև այն վարկերի տոկոսները, որոնք տնտեսավարողները կհամաձայնեն վերցնել նաև արտարժույթով:

Այս գործիքակազմում կա մի կարևոր նորություն, դա միկրովարկերի սուբսիդավորումն է: Եթե բանկերը կսուբսիդավորեն միկրովարկեր՝ մինչև 1 մլն դրամ, 13 տոկոս տոկոսագումարով, 2 տարի ժամկետով, մենք կսուբիսդավորենք բոլոր տոկոսագումարները: Այսինքն՝ գյուղացիական տնտեսությունները, անկախ գործունեության ոլորտից, 1 մլն դրամի չափով վարկավորման դեպքում առանց տոկոսի վարկեր են ունենալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նա հավելեց, որ հաջորդը վերաբերում է կոոպերացիային: Նրա խոսքով՝ եթե գյուղացիական տնտեսությունները կհամաձայնեն համատեղել իրենց ջանքերը՝ գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելով, ապա կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի տոկոսները, այլև էապես կհամաֆինանսավորի այդ ծրագրերը: «Դա նշանակում է, որ գյուղացիական տնտեսությունները կարող են այդ չափով պակաս գրավային ապահովություն ներկայացնել: Կառավարության համաֆինանսավորումը կլինի 30-70 տոկոսի միջակայքում: Այսինքն, եթե ստեղծվում է կոոպերատիվ, որը որոշել է զբաղվել տոհմային անասնաբուծությամբ, ապա կառավարության համաֆինանսավորումը կկազմի 70 տոկոս: Դա նշանակում է, որ եթե նրանք ցանկանում են վերցնել 200 մլն դրամի վարկ, կարող են ունենալ միայն 60 մլն դրամի գրավային ապահովություն, մնացածն իր վրա կվերցնի կառավարությունը: Եթե գյուղատնտեսական հումք պետք է մթերեն, կառավարության համաֆինանսավորումը կկազմի 30 տոկոս, կարկտապաշտպան ցանցերի, ինտենսիվ այգիների, ոռոգման արդիական համակարգերի դեպքում՝ 50 տոկոս, իսկ ընդհանուր նշանակության ծրագրերի դեպքում՝ 10 տոկոս»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սա հենց այն ցայտուն դեպքն է, երբ կառավարությունը ճգնաժամը դիտարկում է որպես հնարավորություն: «Խոսքն ընդհանուր առմամբ մեր գյուղատնտեսության որակն ու քանակը կտրուկ փոխելու մասին է: Սա պատմական հնարավորություն եմ համարում: Մենք լրջորեն պետք է ձեռնամուխ լինենք այս գործին եւ հաջողենք»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ համաֆինանսավորման գործիքակազմը շատ լուրջ է ու չի կարող չաշխատել: Նրա խոսքով՝ ինքը ոչ մի երկրում չի տեսել, որ նման քայլի անեն: Կառավարությունը ռիսկի է գնում, և գյուղատնտեսությունը պետք է սրա միջոցով զարգանա:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից