Համաշխարհային տնտեսության փոփոխություններն իրենց ազդեցությունը կթողնեն նաև Հայաստանի վրա. Փաշինյան
2 րոպեի ընթերցում
![Համաշխարհային տնտեսության փոփոխություններն իրենց ազդեցությունը կթողնեն նաև Հայաստանի վրա. Փաշինյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1009138.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված համաշխարհային տնտեսության փոփոխությունն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հարցին:
«Հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, դա իր ազդեցություն ունենալու է նաև Հայաստանի վրա: Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: