Հասարակական

ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխող ինքնաթիռը իրականացրել է Հռոմից հատուկ չվերթը

2 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխող ինքնաթիռը իրականացրել է Հռոմից հատուկ չվերթը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ է իրականացրել «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը, որը Երևան է տեղափոխում Իտալիայի տարբեր շրջաններից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս ողջ ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց ժամանակին իրազեկելով Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման աճին զուգահեռ ՀՀ կառավարության և դեսպանության կողմից ձեռնարկվող համապատասխան քայլերի մասին, կազմակերպել մեր քաղաքացիների վերադարձին առնչվող հարցերը։ Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում»,-նշել է Տիգրան Ավինյանը՝ հայրենակիցներին մաղթելով ապահով թռիչք և բարի վերադարձ հայրենիք։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիները նստում ինքնաթիռ: «Մեր քաղաքացիների նստեցումը Հռոմից իրականացվող հատուկ չվերթին։ Օդանավը Երևան կժամանի այս գիշեր։ Բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր 14 օրյա ժամկետով»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 28 մարդ։ Առաջին հիվանդը ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Կորոնավիրուսով վարակվածների թվում գերակշռում են Էջմիածնի բնակիչները, քանի որ Իտալիայից վերադարձած և վարակված մի կին մասնակցություն էր ունեցել նշանադրության արարողության ու սերտ շփում ունեցել մեծ թվով մարդկանց հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում