Հասարակական

Մարտի 15-ին Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան

2 րոպեի ընթերցում

Մարտի 15-ին Հռոմից  կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի ժամանակով մարտի 15-ին, ժամը 18:30-ին Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

«Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում»,- նշված է հաղորդագրության մեջ: Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նաև հայտնել է, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.

1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ

2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ

3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներ

«Թռիչքի հնարավորությունից օգտվելու ցանկություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կապ չեն հաստատել սույն դեսպանության հետ, խնդրում ենք անհապաղ տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)։

Ֆիումիչինո օդանավակայան ժամանման և ուղևորների ցուցակագրման նպատակով դեսպանությունը կապ կհաստատի նախապես գրանցված ՀՀ քաղաքացիների հետ անհատապես։ Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,

+393423382875, +393442451433, էլ. [email protected]»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում