Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բժշկական պարագաներ է տրամադրում առողջապահության նախարարությանը

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բժշկական պարագաներ է տրամադրում առողջապահության նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակը արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խնդրանքին և Հայաստան է ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան« համահայկական հիմնադրամից:

Այս նախաձեռնությունը իրականություն է դարձել «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» բարեգործական կազմակերպության հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգը կանխելու, իսկ տարածման պարագայում իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան է ուղարկվել մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ:

Փետրվարի 28-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, իսկ ներկայիս դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 6 դեպք: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։ Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հայաստանում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար:

«Ուրախ ենք Առողջապահության նախարարության հետ մեր հերթական արդյունավետ համագործակցության համար: ԱՄՆ–ում արևմտյան շրջանի մեր տեղական մարմնի ջանքերի շնորհիվ՝ սեղմ ժամանակահատվածում կարողացանք ապահովել անհրաժեշտ պարագաների մուտքը Հայաստան», նշում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նշենք որ հիմնադրամը բազում առողջապահական ծրագրեր է իրականացնում: Ամեն տարի ԱՄՆ–ից բժշկական առաքելություն է այցելում Հայաստան և Արցախ իրականացնելու բազում վիրահատություններ, խորհրդատվություն, ինչպես նաև արդի սարքավորումներով և դեղորայքով են զինվում տեղական բուժկենտրոնները:

Հիմնադրամի կայքում առցանց գործում է նաև «Առողջ Հայաստան» դրամահավաք արշավի հարթակը, որի շրջանակներում նախատեսվում է բարձրորակ բժշկական ծառայություններ տրամադրել Հայաստանի հեռավոր համայնքներին՝ խթանելով գյուղական բժշկությունը:

–––

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորում է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովում է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում