Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 նոր անձի հետ շփման մեջ եղած 57 անձ մեկուսացվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 3 անձի հետ շփման մեջ եղած 57 անձ մեկուսացվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված է 57 անձ»,- նշել է Թորոսյանը։
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, ևս 3 անձ հայտնաբերվել է մարտի 11-ին: