Տնտեսություն

Երևանի ՋԷԿ-ը կրեդիտորական պարտքեր է կուտակել իր ոչ կանոնադրական նպատակների համար

2 րոպեի ընթերցում

Երևանի ՋԷԿ-ը կրեդիտորական պարտքեր է կուտակել իր ոչ կանոնադրական նպատակների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը վստահեցնում է, որ Երևանի ՋԷԿ-ը տարիների շարունակ կուտակել է կրեդիտորական պարտքեր, որոնք իրականում որևէ աղերս չունեն իր կանոնադրական գործունեության հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Երևանի ՋԷԿ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկմանը:

«Երևանի ՋԷԿ-ը տարիներ շարունակ օգտագործվել է ոչ իր կանոնադրական նպատակներով, ձևավորել է դեբիտորական և կրեդիտորական պարտքեր: Օրինակ՝ Երևանի ՋԷԿ-ը Համաշխարհային բանկից վարկ է վերցրել, վճարել է «Նաիրիտ»-ի աշխատողների աշխատավարձը, հետո սկսել է այդ վարկը մարել սակագնով ստացված գազի գումարների հաշվին, գազի գումարը չի վճարել: Կան անհուսալի դեբիտորական պարտքեր, կան նաև կրեդիտորական պարտքեր, որոնք իրականում որևէ աղերս չունեն Երևանի ՋԷԿ-ի կանոնադրական գործունեության հետ»,- ասաց Վարդանյանն ու շեշտեց՝ այդ որոշումները կայացվել են ավելի բարձր մակարդակում՝ կառավարության մակարդակով:

Նա նշեց՝ այս պահի դրությամբ Երևանի ՋԷԿ-ի հիմնական պարտքը գազի գծով մոտ 30 մլն դոլար պարտքն է, իսկ դեբիտորական պարտքերը հիմնականում անհուսալի են: Նա նաև նշեց՝ ՋԷԿ-ին պարտք են «Նաիրիտ»-ը, «Վանաձորի քիմպրոմը»: Իսկ Երևանի ՋԷԿ-ը պարտք է «Որոտան» ՓԲԸ-ին:

Սակայն Վարդանյանը վստահեցրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երբեք ոչ կանոնադրական նպատակներով ներգրավված կամ առաջացած պարտքը, այդ ծախսերը չի ներառել սակագնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում