Արցախ

Արցախի ԱԳ փոխնախարարը հանդիպել է Կիպրոսի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ փոխնախարարը հանդիպել է Կիպրոսի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը հանդիպել է Կիպրոսի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը կազմակերպվել է Կիպրոսի խորհրդարանում hայկական hամայնքի պետական ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգէս Մահտեսեանի նախաձեռնությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, մասնավորապես, անդրադարձ է կատարել Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին։

Հանդպման մասնակիցների խնդրանքով Արմինե Ալեքսանյանը նաև խոսել է Արցախում առկա իրողությունների մասին՝ ընդգծելով մարտի 31-ին հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների կարևորությունը ժողովրդավարական պետականության շարունակական ամրապնդման տեսանկյունից։

Արմինե Ալեքսանյանն անդրադարձել է նաև Արցախ-սփյուռք հարաբերություններին՝ ընդգծելով հայկական համայնքային կառույցների դերը թե՛ սփյուռքում հայապահպանության և թե՛ հայրենիքում, մասնավորապես` Արցախում, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման գործում։ Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների պարբերական անցկացումը՝ համագործակցության նոր ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման և հետագա քայլերի նախանշման նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում