Հասարակական

Սուրեն Պապիկյանի անցկացրած խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել 10 մլն ծառ տնկելու ծրագրին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանի անցկացրած խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել 10 մլն ծառ տնկելու ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 6-ին անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության մեկնարկին շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին։ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր կտնկեն իրենց այգիներում, բակերում և հարակից տարածքներում։ Միջոցառման իրականացման գործում մարզպետարանների դերը ամենակարևորներից է, ներգրավված կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ»,- նշել է Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։

Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին` ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի եկամուտների հավաքագրման արդյունքների վրա․ 2 ամսվա ընթացքում հավաքագրվել է 3 մլրդ 626 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 461 միլիոն դրամով։

Ի թիվս խորհրդակցության այլ թեմաների՝ անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրերին։ 2020 թվականին համայնքներից ընդհանուր առմամբ ներկայացվել է աննախադեպ թվով՝ 812 հայտ՝ մոտավորապես 45,5 միլիարդ արժողությամբ։

Խորհրդակցության ավարտին նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ 2019 թվականից չավարտված կամ թերի իրականացված ծրագրերի ուսումնասիրության և համապատասխան զեկույցներով հանդես գալու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում