Արցախ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են հանրապետությունում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը մասնակցող համապատասխան ոլորտների ղեկավարները Նախագահին զեկուցել են կատարվածի մասին: Վերլուծվել է կորոնուվիրուսի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների հետ կապված իրավիճակը:

Կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ պետական կառավարման մարմինները, մշտական կապի մեջ լինելով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ, այս հարցում իրականացնում են համատեղ միասնական քաղաքականություն:

Նախագահն ընդգծել է հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկման եւ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Բնակչությունը պետական մարմինների միջոցով պետք է մշտապես իրազեկված լինի սուր շնչառական վարակների, այդ թվում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված բոլոր առանձին երեւույթների մասին, եւ այս տեղեկատվությունը պետք է միշտ հասանելի լինի քաղաքացիների համար:

Երկրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ աշխատանքները կազմակերպված եւ համակարգված անցկացնելու ուղղությամբ՝ կարեւորելով այս հարցում պետական բոլոր կառույցների միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում