Հասարակական

Առաջին ընթերցմամբ ընդունվեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը

2 րոպեի ընթերցում

Առաջին ընթերցմամբ ընդունվեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկման արժանացած դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 76 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրագրով թողած «կողմ» քվեարկությունները, այսպիսով, փաթեթն ընդունվեց:

Փաթեթով դատական համակարգում առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի: Պատգամավորները բուռն քննարկեցին, մասնավորապես, առաջարկվող փոփոխություններից մեկը, որով նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների նվազագույն տարիքային շեմը 28-ի փոխարեն սահմանել 25: Ընդդիմադիրները հիմնականում համաձայն չէին այս դրույթի հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս փաթեթի վերաբերյալ ևս տարբեր տեսակետներ հնչեցին:

Քվեարկությունից առաջ վարման կարգով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախորդ նիստում արդեն քննարկման էին ներկայացրել իրենց մտահոգությունները, և իրենց խմբակցությունն այսօր դեմ կքվեարկի: Խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները: «Եթե առաջարկություններն ընդունվեն, և դատավորների անկախության, զտման գործընթացի հետ կապված մեր մտահոգությունները փարատվեն, երկրորդ ընթերցմամբ մենք կողմ կքվեարկենք»,-ասաց Մարուքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում