ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներից առաջին 20-ին հանձնեցին բնակարանի գնման վկայականներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընդհանուր առմամբ 112 ընտանիքի 2020 թվականի ընթացքում տրամադրվելու է բնակարանի գնման վկայականներ:
«Մեր կառավարությունը 30 տարի առաջ Ադրբեջանից բռնագաղթածների կենսակերպն ավելի լավացնելու համար միջոցներ է գտել: Նախորդ տարվանից, մենք Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի անմիջական հորդորով և մասնակցությամբ փորձում էինք միջոցներ գտնել: Այս տարի արդեն Կառավարության որոշմամբ ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ»,- նշեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և հավելեց, որ վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի
Նրա խոսքով՝ 112 շահառուի շրջանում կան այնպիսի մարդիկ, ովքեր գտնվում են վտանգի տակ, որ վաղը կարող են մնալ առանց տանիքի:
ՄԾ պետ Արմեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրի միջոցով իրենք հոգում են Երևանի 5 վարչական շրջանում Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակով կացարաններում բնակվող անձանց հարցը:
«Առաջին 5 վարչական շրջանում ընդգրկված է 112 ընտանիք, իսկ մյուս 5 վարչական շրջանում ընդգրկված է 185 ընտանիք: Առաջին փուլի համար տրամադրվել է մոտ 1.5 մլրդ դրամ, իսկ երկրորդ փուլի համար բյուջեով արդեն ունենք հաստատված 2.1 մլրդ դրամ: 2020 թվականի ընթացքում չենք հասցնի բնակարաններով ապահովել միայն Շենգավիթում ապրող Ադրբեջանից բռնագաղթածներին, քանի որ հենց այնտեղ է ապրում նրանց ամենամեծ խումբը»,- նշեց Ղազարյանը:
Միգրացիոն ծառայության պետը ներկաներին նաև ծանոթացրեց ծրագրի մանրամասներին և շեշտեց, որ քաղաքացիներին առաջարկվում է նաև նորամուծություն:
«Քաղաքացիները ցանկության և անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել տրամադրված գումարը՝ որպես հիփոթեքի կանխավճար։ Բնականաբար սա պարտադրանք չէ, այլ ընտրություն: Մեկ սենյականոց բնակարան գնելու համար քաղաքացիներին տրամադրվել է 12 միլին դրամ, 2 և 3 սենյականոց բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրված գումարի չափը կազմում է համապատասխանաբար 14,6 և 17,3 միլիոն դրամ․ «Կադաստրի պետական կոմիտեն հաշվարկել և մեզ է ներկայացրել 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում գրանցված առուվաճառքների միջինացված գումարը, որը հիմք ընդունելով էլ մենք հավաստագրերի համար սահմանել ենք այս թվերը»,- ասաց Ղազարյանը։
Ադրբեջանից բռնագաղթած Ռիտա Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայիս իշխանությունների ղեկավարման հենց սկզբից իրենց կողմից ուղարկված նամակներին անմիջապես արձագանքել են:
«Ես այժմ ապրում եմ աղջկաս հետ, ստանալու ենք մեկ սենյականոց բնակարան: Շատ շնորհակալ եմ այս իշխանություններից, որ մեզ չանտեսեցին և տրամադրեցին այս վկայականները բնակարան ձեռք բերելու համար: Այս տարիների ընթացքում ապրել ենք 12 քմ տարածքում»,- ասաց Ռիտա Ստեփանյանը: