Հասարակական

Պատգամավորների ուշադրության կենտրոնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը

3 րոպեի ընթերցում

Պատգամավորների ուշադրության կենտրոնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ»,-ասաց Բադասյանը:

Օրենքի նախագծով ներմուծվում է չհիմնավորվող հաստության բռնագանձման մեխանիզմ, որը տարբեր դսրևորումներով առկա է Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Միացյալ Թագավորությունում և այլուր: Նա վստահեցրեց՝ նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները՝ հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:

«Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ»,-ասաց նախարարը:

Նա նկատեց՝ հարցադրումներ են լինում, թե սա կարո՞ղ է, արդյոք, վերաբերել սովորական քաղաքացիներին, որոնք պաշտոնատար անձ չեն եղել: Նա պատասխանեց՝ ոչ: Հստակ թվարկված են Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք քաղաքացիական բռնագանձման համար ուսումնասիրությունը սկսելու ազդակ կարող են հանդիսանալ: «Դրանք հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են, լինելու են նաև քրեական ենթամշակույթին վերաբերող հոդվածները, և մի քանի այլ հոդված, որի մասին համաձայնություն կա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հանել: Այս շրջանակից դուրս որևէ մեկը չի կարող հայտնվել օրենքի կարգավորման դաշտում՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ անձի անունով արհեստականորեն ձևակերպվել է գույք»,- վստահեցրեց Բադասյանը:

Նախարարը հիշեցրեց, որ նախագծի ընդունման շուրջ քննարկումները սկսվել են դեռ 2019-ի փետրվարին, այդ հարցով ձևավորվել է աշխատանքային խումբ՝ տարբեր գերատեսչությունների ներկայացվածությամբ: Նախագծի հետ կապված կան 7-8 միջազգային փորձաքննություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում