Հասարակական

Բադասյանն ընդդիմությանը կոչ արեց բերել դատական համակարգի բարեփոխման սահմանադրական տարբերակը

3 րոպեի ընթերցում

Բադասյանն ընդդիմությանը կոչ արեց բերել դատական համակարգի բարեփոխման սահմանադրական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ դատական օրենսգրքի փոփոխությունների իրենց ներկայացրած փաթեթը հնարավորություն է տալիս համակարգում արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: Սակայն փաթեթից դժգոհող ընդդիմադիր պատգամավորներին նախարարը հորդորում է ներկայացնել Սահմանադրությանը չհակասող իրենց տարբերակը՝ խոստանալով, որ կընդունեն առաջարկները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բադասյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

«Դատական օրենսգրքի այս փաթեթը հնարավորություն է տալիս արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ դատական համակարգում՝ միաժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը»,-վստահեցրեց Բադասյանը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի այն դիտարկմանը, թե դա կախյալ դատական համակարգ ստեղծելու փաստաթուղթ է, և անկախ դատավորները պետական մարմիններից կախվածության մեջ են լինելու, նախարարն հարցադրում արեց՝ ո՞ր մարմնից: «Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ բացարձակ մեծամասնությունը դատավորներ են, ԲԴԽ-ի՞ց , որտեղ 5 դատավոր անդամ կա և 5 իրավաբան-գիտնական, ուսումնական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ կրկին դատավորներ են, գնահատման հանձնաժողովի՞ց, որտեղ դատավորներ են ընդգրկված: Ինչ ենք ուզում ասել. ո՞ւմից և ոնց է կախյալ լինելու»,-ասաց Բադասյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե նախագիծը կարող էր ավելի կոշտ լինել, պետք էր մաքրել դատական համակարգը՝ Բադասյանն ասաց՝ ո՞ւմ մաքրեն, ինչպե՞ս մաքրեն: Դիմելով պատգամավոր Տարոն Սիմոնյանին՝ նա ասաց. «Խոսում եք դատական իշխանության անկախությունից, խոսում եք դատավորների արժանապատվությունից, հետո ասում եք, որ պետք է մաքրեինք, ինչպե՞ս մաքրենք: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին, նաև Արման Բաբաջանյանին՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ բերեք այն տարբերակը, որն ավելի խիստ է, լուծում է դատական համակարգի առաջ ծառացած խնդիրները, մենք անպայման կընդունենք: Բայց մի պայմանով՝ այդ տարբերակը չպետք է լինի Սահմանադրությանը հակասող: Բերեք մաքրելու լավ տարբերակ, մենք ընդունենք»,-ասաց նախարարը:

Նա առաջարկներ է սպասում նաև այն մասով, որով պատգամավորները նշեցին, որ բարեվարքության ստուգումը չի վերաբերելու գործող դատավորներին, միայն գույքային դրությունն են ստուգելու: «Սպասում ենք ձեզնից, բերեք այնպիսի տարբերակ, որտեղ կա խորհրդատվական եզրակացության ինստիտուտը, և դա կարող է հանգեցնել դատավորի պաշտոնից ազատման, և դա չի հակասում մեր Սահմանադրությանը, անպայման սա էլ կընդունենք»,-ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում