Հասարակական

Դատախազությունը ստացել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը

3 րոպեի ընթերցում

Դատախազությունը ստացել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը ստացել է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել էր ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Արմենպրես»-ին ասաց, որ քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն՝ կապված Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի կատարած արարքների որակման հետ։

Վերահսկող դատախազը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և վերադարձրել էր այն` նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել էր ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները: Դատախազի տեսակետով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:

Հատուկ քննչական ծառայության քննիչն առաջարկություն էր ներկայացրել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում