ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հետագայում բացառի հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում:
«Հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները և դրանց հետագա բացառումը հանդիսանում է մեր անվտանգության հիմնական հիմնասյուներից մեկը: Ազգային անվտանգության ռազմավարությունում արտացոլված կլինեն անվտանգության բոլոր սպառնալիքները: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետագայում բացառենք որևէ նման զարգացում, երբ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են իրականացվում: Դրա երաշխիքը հզոր Հայաստանն է, որտեղ պետական բոլոր կառույցներն ուժեղ են, անվտանգության պատասխանատու ինստիտուտները բարձր մակարդակով են աշխատում, և դա հնարավորություն է տալիս նաև Հայաստանից դուրս բացառել նման զարգացումները»,- ասաց Գրիգորյանը:
Փետրվարի 28-ին լրանում է Խորհրդային Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացված դաժան սպանդի ու տեղահանության 32-րդ տարելիցը։
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։