Հասարակական

«Հյուսիս-հարավ»-ի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան

2 րոպեի ընթերցում

«Հյուսիս-հարավ»-ի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչները Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի երկու ուղղություններով օրերս տեղադրել են 52 ճանապարհային նշաններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ պատասխանելով ներկաների հարցերին:

«Այն հատվածում, որտեղ պետք է ճանապարհային նշաններ տեղադրվեին, օրերս տեղադրվել են 52-ը: Բացի դա ՃՈ-ի ամենօրյա կարգախմբերը, որոնք ծառայություն են իրականացնում, պատասխանատուներին տեղեկացնում են ճանապարհային նշանների բացակայության և կոտրվելու դեպքերի մասին»,-ասաց Կարապետյանը:

Նա վստահեցրեց՝ Ճանապարհային ոստիկանությունը տարին երկու անգամ գարնանային և աշնանային հետազոտություններ է իրականացնում ոչ միայն «Հյուսիս-հարավ», այլև միջպետական և հանրապետական ճանապարհներին: Թերությունների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ ուղարկվում է պատկան մարմիններին՝ դրանք վերացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում