Արտաքին քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Գործընկերներն անդրադարձան հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:

Արտգործնախարարները վերահաստատեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված համատեղ նախաձեռնություններով հադես գալու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անցյալ տարի հաստատված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը գալիս է համալրելու երկկողմ օրակարգը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռակողմ ձևաչափի շրջանակներում 2020 թ․ ապրիլին Երևանում կայանալիք առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը՝ արտգործնախարարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելություններին և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններին նոր լիցք հաղորդելու կարևորությունը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում