Արցախ

Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր

2 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը փետրվարի 21-22-ը համատեղ այցեր են կատարել Արցախում տեղակայված որոշ զորամասեր, ինչպես նաև ռազմական ոստիկանություն ու Շուշիի քրեակատարողական վարչություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպաններն իրենց շրջայցերի ու առանձնազրույցների ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին և առնչվող հիմնախնդիրներին: Նրանք ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային ու բուժսպասարկման պայմաններին, ինչպես նաև ծառայության կազմակերպման որոշ այլ առանձնահատկությունների:

Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժնում ու կարգապահական վաշտում և Շուշիի քրեակատարողական վարչությունում Պաշտպաններն ուսումնասիրել են զինծառայողների կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, նրանց պահման պայմանները, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և հարակից այլ հարցեր:

Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանների գլխավորած թիմերը արձանագրել են որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպաններն իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ են ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում