Հասարակական

Վերաքննիչ դատարանը վերացրել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը

2 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանը վերացրել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը՝ վերացվել է նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառում է կատարել Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 2019 թ. դեկտեմբերի 10-ի որոշման դեմ ներկայացված իմ վերաքննիչ բողոքը, որոշեց բավարարել այն: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանվել է՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքներիխախտումը»,- գրել է Ալեքսանյանը:

Պաշտպանը նաև նշել է, որ ավելի վաղ Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ:

«ՀՀ գլխավոր դատախազությունը, այնուհետև, նաև առաջին ատյանի դատարանը, գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին: Սակայն հետագայում, վերադաս ատյանը իրավացիորեն գտավ, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»,- գրել է Արմեն Գևորգյանի պաշտպանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում