Հասարակական

Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 25-ին

4 րոպեի ընթերցում

Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 18-ի նիստը հետաձգվեց՝ Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացվել, որ առողջական խնդիրների պատճառով թարգմանիչը չի կարող ներկայանալ։

«Նախորդ օրը ունեցած տեղեկությունների համաձայն, թարգմանիչ Ծովինար Թորոսյանը պետք է մասնակցեր այսօրվա դատական նիստին։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու վերաբերյալ տեղեկությունը ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ՝ դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու այլ թարգմանչի մասնակցություն, և թարգմանչի բացակայությամբ հնարավոր չի գտնում շարունակել այս դատական նիստը»,- նշեց Դանիբեկյանը։

Պաշտպանական կողմը նույնպես չի կարողացել հրավիրել այլ թարգմանիչ, իսկ վերջինիս բացակայությամբ դատարանը հնարավոր չի գտել շարունակել դատական նիստը։

Արդյունքում դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 25-ի ժամը 13։00-ն։

Տվյալ փուլում քննարկվում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախկին նախագահի փաստաբանների միջնորդությունը: Մասնավորապես, փաստաբանները պնդում են, որ ՔՕ 300.1 հոդվածն անընդունելի է, քանի որ հոդվածը սահմանվել է ենթադրյալ հանցանքից մեկ տարի անց եւ չունի դառնալի ուժ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում