Հասարակական

Սահմանադրական դատարանում քննվում է ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցը

2 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանում քննվում է ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանում մեկնարկել է հերթական դռնբաց նիստը, որտեղ քննվում են Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ վարչական դատարանի դիմումները ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ նիստին մասնակցում է 8 դատավոր: Բացակայում է դատավոր Վահե Գրիգորյանը:

Քննվելու է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը՝ բանավոր ընթացակարգով։

Քննության կառնվի նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը (համաձայն որի ոստիկանության ծառայողին արգելվում է լինել կրոնական կազմակերպության անդամ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը՝ գրավոր ընթացակարգով։

ՍԴ նիստին մասնակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից՝ բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում