ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում փետրվարի 15-19-ն անցկացվող միջազգային «Intergastra» մրցույթի շրջանակում կայացած խոհարարության օլիմպիադայում հայ հրուշակագործներն արժանացել են վեց մեդալի: Մեկ տաղավարում ներկայացված են հրուշակագործներ Իսկուհի Համբարձումյանի, Մարինե Խալաթյանի, Կարինե Հարությունյանի, Սեդա Մազմանյանի, Մելանյա Սիմոնյանի աշխատանքները: Ընդհանուր թվով ցուցադրված է 7 աշխատանք: Ինչպես Գերմանիայից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իսկուհի Համբարձումյանը, արդեն արժանացել են 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալների:
«Շատ հետաքրքիր աշխատանքներ ենք ներկայացրել շաքարային ծաղիկներից: Մեր աշխատանքները հենց սկզբից ուշադրության արժանացան և ստացան իրենց գնահատականը, ինչի համար շատ ուրախ ենք: Մեր աշխատանքների վերաբերյալ դրական խոսքերի պակաս չի զգացվում»,-ասաց Իսկուհի Համբարձումյանը:
Մրցույթը դեռ շարունակվում է և կտևի մինչև փետրվարի 19-ը:
«Intergastra» միջազգային մրցույթին մասնակցում են հյուրանոցային, ռեստորանային, հրուշակագործության ոլորտի ընկերություններ, մասնագետներ: Այն լավ հարթակ է նոր կապեր հաստատելու, գործընկերներ գտնելու համար: