Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կմասնակցեն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է համաժողովի պաշտոնական կայքում:

Քննարկումը տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը:

Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, նախանշում են աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ուղիները: Արդյոք Եվրամիության երկրներն ավելի սերտ են համագործակցում պաշտպանության ոլորտում, արդյոք աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության սպառնալիքների առաջ. այս և այլ հարցեր կլինեն Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին մասնակցող ղեկավարների քննարկման առանցքում:

Եռօրյա համաժողովը հյուրընկալելու է 500-ից ավելի պատվիրակի: Նախատեսված է ավելի քան 40 երկրներից նախագահների, վարչապետների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցություն: Այս տարվա համաժողովում Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։

Մասնակիցների թվում կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: ԱՄՆ-ից սպասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը։ Նախատեսվում են Ռուսաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարների ելույթները:

Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 2019 թվականին Մյունխենի համաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս տարի ևս նա ներկա կլինի համաժողովի բացմանը։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ

Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում