Էրիկ Գրիգորյանը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես էլեկտրամոբիլ արտադրող երկիր. բացառիկ հարցազրույց

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ցանկանում է ապագայում Հայաստանը տեսնել որպես էլեկտրամոբիլներ արտադրող երկիր: Նա նշում է, որ ՀՀ կառավարությունը վճռական է լիցքավորման կայանների ավելացման հարցում: Իսկ թե երբ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին սպասարկող ավտոմեքենաները կփոխարինվեն էլեկտրամոբիլներով, Էրիկ Գրիգորյանը պարզաբանել է «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա անդրադարձել է նաև պոլիէթիլենային տոպրակների արգելման և պլաստիկի արտադրության, սիգի ապօրինի որսի կանխման, բնակավայրերն արևային նոր կայաններով ապահովման և այլ թեմաների:

Պարոն Գրիգորյան, 2019 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունը մի շարք ծրագրեր է սկսել: Կա՞ն արդյոք այնպիսինները, որոնք դեռևս ավարտին չեն հասցվել և պետք է շարունակվեն, որո՞նք են դրանք:

-Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության աշխատանքներ ենք սկսել 2019 թվականին: Գործընթացը շարունակական է: Ցանկանում եմ մի քանի կարևոր թիվ նշել. նախորդ տարի Արարատյան դաշտի ինքնաշատրվանող լքված հորերի կոնսերվացման և լուծարման շնորհիվ, ինչպես նաև որոշ գործող հորերի չափաքանակների նվազեցման շնորհիվ, հնարավոր է եղել մոտ 100 մլն խ/մ ծավալով ջրախնայողություն իրականացնել: Այդ խնայողությունն ավելին է, քան Երևանում 1 տարում օգտագործվող ջուրը: Այս տարի, արդեն մեկնարկել են ջրախնայողության աշխատանքները, ունենք որոշակի արդյունքներ: Նպատակ ունենք հնարավորինս նվազեցնել ջրի ոչ արդյունավետ օգտագործումը: Անցյալ տարի կարևոր աշխատանք է տարվել լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրման առումով, և դրանք ավարտին են հասցվել: Իմ հրամանով ստեղծվել է առաջնային ռեկուլտիվացման ենթակա 10 տարածքի ցանկ: Այս պահին դիմել ենք Կառավարությանը և, համապատասխան ֆինանսավորման դեպքում, կսկսենք իրականացնել ֆիզիկական ռեկուլտիվացման աշխատանքները: Անտառային ոլորտում նույնպես մի շարք իրականացված աշխատանքներ կան, բայց դրանց մեծ մասը կրում է շարունակական բնույթ:

- Նախարարությունը մշտապես աշխատում է տարբեր միջազգային կառույցների հետ: Այս տարի ինչպիսի՞ համագործակցություն է ծավալվելու:

- Միջազգային համագործակցության օրինակները բազմաթիվ են: Այս տարի, մի քանի օր առաջ, ՀՀ կառավարության և Եվրոպական Միության միջև համագործակցության արդյունքում բացվեց «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՇՄՄՏԿ) լաբորատորիա, որը հագեցած է նոր սարքավորումներով և ունի վերապատրաստված անձնակազմ: Նախատեսում ենք դրամաշնորհների միջոցով ձեռք բերել նաև շարժական 2 լաբորատորիա, ինչը շատ կարևոր է փորձանմուշներն արագ վերցնելու և հետազոտելու համար: Այդ լաբորատորիաները հագեցած կլինեն օդի և ջրի փորձանմուշներ վերցնելու հնարավորությամբ: Մի լաբորատորիան կլինի ՇՄՄՏԿ-ի, իսկ մյուսը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի զարգացման համար: 2020 թվականին ԵՄ-ն 5 մլն եվրո ֆինանսավորում է տրամադրել, և դրա շրջանակներում նախատեսում ենք Սևանի վերականգնման համար իրականացնել որոշակի միջոցառումներ: Այս պահին մշակվել է ճանապարհային քարտեզ: Կլիմայական ծրագրերի ներքո իրականացվում են բազմաթիվ գործողություններ, և կա երկու խոշոր ձեռնարկ: Դրանցից մեկն արդեն ընթացքի մեջ է. Ադապտացիոն հիմնադրամից մոտ 1.5 մլն դոլար դրամաշնորհի շրջանակներում Արթիկի լքված քարհանքերի ռեկուլտիվացման ծրագիրն է, ինչի արդյունքում կստեղծվի զբոսայգի և քաղաքում էականորեն կնվազեցվեն փոշու արտանետումները: Երկրորդ ծրագրի համար տրամադրվել է 2.5 մլն դոլար, որի շրջանակներում Խոսրովի անտառ արգելոցի և Դիլիջանի ազգային պարկի հարակից համայնքներում իրականացվելու են մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրեր:

Հայաստանի հարավում 2020 թվականին մեծ ծրագրեր ունենք՝ Մեղրիում համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական շուկա կկառուցվի, Կապանի 7 բնակավայրի համար դրամաշնորհային միջոցներով կգնվի աղբատար մեքենա, կոնտեյներներ կտեղադրվեն և այլն: Այս ծրագրերի համար դրամաշնորհները տրամադրվելու են Գերմանական զարգացման բանկի կողմից: Մեղրու տարածաշրջանի բարձրլեռնային 2 գյուղում նախատեսվում է արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայան տեղադրել, որպեսզի դրանք ապահովվեն հոսանքով և լուծվի ջրի տաքացման խնդիրը: Այժմ մենք փորձում ենք նաև բրիկետների և պելետների արտադրություն կազմակերպել, ինչը նույնպես կարող է գյուղերում լուծել ջեռուցման հարցը: Այս ծրագրի համար կծախսվի մոտ 150-200 հազար եվրո: 2019 թվականին Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում՝ Շիկահող արգելոցի հարակից 1 համայնքում, ամբողջովին անվճար տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Ընթացիկ տարում նախատեսում ենք ևս 3 գյուղում՝ մոտ 150 տնային տնտեսությունում, կրկին անվճար տեղադրել ջրային տաքացուցիչներ, ինչի արդյունքում կնվազեցվի շրջակա անտառային տարածքների վրա ճնշումը:

Նախորդ տարի դրամաշնորհային միջոցներով Ագարակի դպրոցում տեղադրվել է արևային ՖՎ կայան, ինչը թույլ է տվել խնայել տարեկան մոտ 3 մլն դրամ հոսանք: Առաջիկայում պատրաստվում ենք իրականացնել Կապանի հոգեբուժարանի արևային ֆոտովոլտային կայանով վերազինում, ինչը հետագայում զգալիորեն կնվազեցնի իրենց օպերացիոն ծախսերը:

- Ի՞նչ փուլում է Կառավարության՝ էլեկտրամոբիլների օգտագործմանն անցում կատարելու գործընթացը:

- Մենք նախատեսում էինք Global electric mobility ծրագիրն իրականացնել և ավարտին հասցնել 2019 թվականին: Սա գլոբալ գործընթաց է ու միայն Հայաստանը չէ ներգրավված, և այլ երկրների ընթացակարգային որոշակի ձգձգումների պատճառով ծրագիրը հետաձգվեց: ՀՀ կառավարությունը էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործմանն անցում կկատարի մոտ ապագայում: Ծրագիրն իրականացվելու է բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ, որը տրամադրելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը: Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներն ունեն նաև վարքագիծ փոխելու որոշակի գործառույթ: Էլեկտրամոբիլներին առնչվող օրենսդրությունն ուժի մեջ է մտել 2019 թվականի երկրորդ կիսամյակում: Համեմատելով 2018 թվականի նույն ժամանակահատվածում էլեկտրամոբիլների ներմուծման ցուցանիշները, կարող ենք հսկայական տարբերություն տեսնել: 2018-ին Հայաստան է բերվել 1, իսկ 2019-ին՝ մոտ 150 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա: Այսօր արդեն կան ավտոդիլերներ, որոնք պաշտոնապես միայն էլեկտրամոբիլներ են ներմուծում: Այս ավտոմեքենաների արտադրությունն իր մեջ ավելի շատ նորարարություն և տեխնոլոգիա է պարունակում, քան մեքենաշինությունը: Մենք հույս ունենք, որ Հայաստանը նույնպես կկարողանա հանդիսանալ էլեկտրամոբիլների հավաքման և որոշ փուլում նաև արտադրության երկիր: Նախատեսում ենք նաև ունենալ ավելի շատ լիցքավորման կայաններ և ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում, որպեսզի էլեկտրամոբիլների վարորդները հնարավորինս տեղաշարժման խնդիր չունենան:

- Պլաստիկի դեմ «պայքար»-ն ի՞նչպես է ընթանում, և պոլիէթիլենային տոպրակներից վերջնական ե՞րբ անցում կկատարենք թղթե կամ կտորից տոպրակների:

-Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում պոլիէթիլենային տոպրակի օգտագործման արգելման նախագծին: Այն բավականին երկար քննարկվեց, կային ընթացակարգային խոչընդոտներ, սակայն վերջնական ընդունվեց: Առաջիկայում կքննարկվի ԱԺ-ում, և 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Սա «դե յուրե» ջրբաժանն է, մենք ակնկալում ենք, որ մինչև 2022 թվականը հասարակության վարքի փոփոխության արդյունքում պլաստիկ տոպրակների օգտագործումն էականորեն կնվազեցվի: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելման մասին օրենքի նախագծում կան նաև բացառություններ: Դրանք լինելու են կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները, որոնք չունեն բռնակներ, աղբի համար նախատեսված տոպրակները, որոնք արտադրվում են երկրորդային հումքից: Այլընտրանքը լինելու են թղթից, կտորից պատրաստված տոպրակները:

- Պլաստիկ արտադրող ընկերությունների սեփականատերերի հետ ի՞նչ համաձայնություններ են ձեռք բերվել:

- ՀՀ-ում կա պլաստիկի 44 արտադրող, որից 27-ը միայն պոլիէթիլենային տոպրակ է արտադրում: Օրենքը թույլ է տալիս նրանց 2 տարում մի կողմից սպառել պաշարները, իսկ մյուս կողմից՝ վերապրոֆիլավորվել և սկսել ստեղծել կենսաքայքայվող պլաստիկ: Այդպիսով՝ արտադրողները կստանան շուկայական մեծ առավելություն և հետագայում կարող են ընդլայնվել ու արտահանել այդ ապրանքը ԵԱՏՄ երկրներ:

- Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարն ինչպե՞ս է ընթանում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

-Ընդունվել է Կառավարության որոշում, որով կարգավորվում են Սևանա լճում ձկնորսության և վերարտադրության կարգերը, ինչի հիման վրա էլ այժմ մշակվում է նախարարի հրամանը: Մենք այսօր փորձում ենք այնպես անել, որ Սևանում սիգի որսը լինի օրինական: Վարչական իրավախախտումների օրենսդրության մեջ պետք է փոփոխություններ իրականացվեն, ինչի արդյունքում, հույս ունենք, որ սիգի ապօրինի որսը հնարավոր կլինի լուծել իրավական և հսկողական մեխանիզմների համադրմամբ: Այս տարվա սիգի ձվադրման ժամանակ տարվող աշխատանքներում առաջին անգամ ներգրավված էին նաև Պետական եկամուտների կոմիտեն և Բնապահպանական տեսչական մարմինը՝ հսկողություն իրականացնելու նպատակով: Պետք է այնպես անենք, որպեսզի ապահովվի համապատասխան քանակի ձկնային ռեսուրս, ինչը հնարավոր կլինի ձվադրման ժամանակ արգելքը հստակ պահելու դեպքում: ՊԵԿ-ը պետք է սահմանափակի մանր ցանցերի ներմուծումն ու օգտագործումը:

- Շնորհակալություն պարոն Գրիգորյան:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում