ՓՄՁ-ներին աջակցության հիմնական գործիքը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է արտահանման խթանման նոր ծրագիր, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսին: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, սկսում է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը: Այն ենթադրում է զգալի աջակցություն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք նպատակ ունեն հզորացնել իրենց կարողությունները՝ արտահանման ծավալներն ընդլայնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշեց, որ աջակցությունը լինելու է 70 տոկոսի չափով:

«Հաճախ փոքր և միջին ձեռնարկություններն իրենց աճի ընթացքում գալիս հասնում են որոշակի փուլի, որտեղ իրենց ռեսուրսները չեն բավարարում առաջ գնալու, ընդլայնվելու համար: Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք օգնել փոքր և միջին ձեռնարկություններին: Աջակցության հիմնական գործիքը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է»,-ասաց Նաիրա Մարգարյանը: Այն իր մեջ ներառում է լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքետինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն: Օրինակ, պահածո արտադրող փոքր ընկերությունը փորձում է արտահանում կազմակերպել ռուսաստանյան շուկա: Արտադրողը մի շարք խնդիրների առաջ է կանգնում՝ տեղեկատվության, կապերի պակաս, որակի, ստանդարտացման հարցեր և այլն: Դրանից բացի, արտահանման համար անհրաժեշտ ծավալներ ապահովելու խնդիր էլ կա: Այստեղ կարող է առաջանալ կոլեկտիվ ապրանքային նշանի ստեղծման անհրաժեշտություն, մի քանի ՓՄՁ-ներից ապրանքների հավաքագրման խնդիր և այլն: Բոլոր հարցերում ռեսուրս կենտրոններն աջակցելու են, ուղղորդելու են արտադրողներին:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Միջազգային համագործակցության և բիզնեսի միջազգայնացման ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը ներկայացրեց ծրագրի դիմելիության պահանջները: Դիմորդը պետք է հանդիսանա իրավաբանական անձ՝ նվազագույնը երկու տարվա պետական գրանցմամբ, լինի շահույթ հետապնդող, հիմնված՝ ՀՀ-ում, ուղղակիորեն պատասխանատու ծրագրի նախապատրաստման, իրականացման և կառավարման համար, կարողանա համաֆինանսավորել տվյալ դրամաշնորհի ծրագիրը: Այսինքն՝ դրամաշնորհը տրամադրվում է ծախսերի 70 տոկոսի չափով, 30 տոկոսը դիմորդն ինքը պետք է ի վիճակի լինի ֆինանսավորել:

«Մրցույթը բաց է արտահանման ներուժ ունեցող ցանկացած ոլորտի համար, սակայն առաջնահերթություն կտրվի գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին: Կան սահմանափակումներ. դրանք ալկոհոլային խմիչքներն են, ծխախոտը, ռադիոակտիվ նյութերը, ոսկու արտադրությունը և այլն: Հաշվի առնելով գինեգործության ոլորտի նշանակությունը մեր երկրի համար՝ հնարավորություն ունեցանք Համաշխարհային բանկից այդ բացառությունը ստանալ, և գինեգործությունը կհամարվի իրավասու ոլորտներից մեկը»,-ասաց Լիլիթ Ափուջանյանը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 800 հազար ԱՄՆ դոլար: Գյուղատնտեսության և սննդի վերամշակման համար նվազագույնը սահմանվել է 30 մլն դրամ, առավելագույնը՝ 230 մլն դրամ: Այլ ոլորտների համար նվազագույն շեմը 15 մլն դրամ է, առավելագույնը՝ 140 մլն դրամ: Տրվող գումարը դիմողը կարող է ծախսել փոքրածավալ վերանորոգման և վերակառուցման, արտադրական գործընթացների արդիականացման, նոր սարքավորումների, հումքի և ապրանքների ձեռք բերման, որակի կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ և այլն: Գումարը տրվելու է փուլ առ փուլ:

Ծրագիրը մեկնարկել է փետրվարի 5-ին, հետաքրքրվողները կարող են դիմել մինչև մարտի 20-ը: Մանրամասները ներկայացված են www.smednc.am, www.isc.am կայքէջերում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում