Ինչո՞վ առանձնացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, ավարտվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի դատավարությունը: Ինչպես և սպասվում էր, Սենատում մեծամասնություն ունեցող հանրապետականներին (100-ից 53 տեղ) հաջողվեց արդարացնել Դոնալդ Թրամփին: ԱՄՆ նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար անհրաժեշտ էր սենատորների ձայների երկու-երրորդը, այսինքն, 67 ձայն:

Քվեարկությունն ընթացավ իմպիչմենտի երկու հիմնական հոդվածով.

  • Իշխանության չարաշահում (Թրամփը մեղադրվում էր Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեջ՝ ստիպելով Կիևին հետաքննություն սկսել 2020թ. սպասվող ընտրություններում իր հակառակորդ դեմոկրատ Ջո Բայդենի դեմ) հոդվածին կողմ քվեարկեց 48 սենատոր՝ բոլոր դեմոկրատները և միայն մեկ հանրապետական՝ Միթ Ռոմնին, ով 2012 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում եղել է Հանրապետական կուսակցության թեկնածուն: Մյուս բոլոր 52 հանրապետականները դեմ քվեարկեցին:
  • Կոնգրեսի գործունեության խոչընդոտում (Թրամփը մեղադրվում էր իմպիչմենտի հետաքննության գործընթացում Կոնգրեսի հետ համագործակցությունը մերժելու մեջ) հոդվածի պարագայում կուսակցությունները դրսևորեցին միասնականություն՝ հոդվածին կողմ քվեարկեցին բոլոր դեմոկրատները (47 կողմ), դեմ՝ բոլոր հանրապետականները (53 դեմ):

Ստորև անդրադառնանք իմպիչմենտի վերաբերյալ մի շարք հետաքրքիր փաստերի:

  • Դոնալդ Թրամփը կդառնա իմպիչմենտի գործընթացով անցած ԱՄՆ առաջին նախագահը, ով կմասնակցի ԱՄՆ ընտրություններին: Նախաձեռնելով սույն գործընթացը՝ դեմոկրատներն ի սկզբանե շատ լավ պատկերացնում էին, որ այս փուլում հնարավոր չի լինի իմպիչմենտի ենթարկել Դոնալդ Թրամփին՝ հաշվի առնելով Սենատում հանրապետականների մեծամասնությունը: Ուստի, կարևորելով ոչ թե արդյունքը, այլ գործընթացը՝ դեմոկրատները ցանկանում էին այն առավելագույնս օգտագործել ընտրություններին ընդառաջ Թրամփի վարկանիշը նվազեցնելու նպատակով:
  • ԱՄՆ իմպիչմենտի պատմությունների մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահի դեմ է քվեարկել հենց իր թիմակիցը. Միթ Ռոմնին, մեկնաբանելով իր քայլը, նշել է, որ ԱՄՆ նախագահը «ոտնահարել է հանրային վստահությունը և դեմ է դուրս եկել ընտրական իրավունքներին, ԱՄՆ ազգային անվտանգությանը և հիմնարար արժեքներին»: Ի տարբերություն Միթ Ռոմնիի, Թրամփի դեմ չեն քվեարկել չափավոր հանրապետական սենատորներ Սյուզան Քոլինսը և Լիզա Մուրկովսկին, ինչպես ակնկալում էին դեմոկրատները:
  • Դոնալդ Թրամփի իմպիչմենտն ԱՄՆ պատմության մեջ դարձավ առաջինը, երբ դատավարության ժամանակ վկաներ չհրավիրվեցին: Չնայած դեմոկրատները ցանկանում էին Սենատում դատավարությանը հրավիրել նոր վկաներ՝ հանրապետականներին, ի վերջո, հաջողվեց կանխել նաև դա՝ գործընթացն անցկացնելով արագ ընթացակարգով՝ առանց նոր վկաներ ներառելու: Սա ևս բխում էր Թրամփի թիմի շահերից, քանի որ որքան շատ փաստեր ներկայացվեին Դոնալդ Թրամփի դեմ, այնքան մեծ վնաս կարող էր հասցվել նրա հեղինակությանը:
  • Որքան էլ տարօրինակ հնչի, իմպիչմենտի ընթացքում Դոնալդ Թրամփին հաջողվել է նախընտրական արշավի համար հավաքել մեծ գումար՝ 46 միլիոն ԱՄՆ դոլար: Այս հանգամանքը բարձրաձայնվում է նաև ավանդաբար դեմոկրատներին աջակցող ամերիկյան հայտնի լրատվականների կողմից: Օրինակ, CNN-ը փաստում է, որ մինչ դեմոկրատները զգալի ֆինանսական միջոցներ են ծախսում իմպիչմենտի գործընթացը կազմակերպելու համար, Թրամփն ավելացնում է իր եկամուտները:
  • Gallup-ի վերջին հարցումների համաձայն՝ Թրամփի վարկանիշը ռեկորդային աճ գրանցել է՝ հասնելով 49 տոկոսի, որում էական դեր է ունեցել ԱՄՆ կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Բացի այդ, նույն հարցումների համաձայն՝ այս փուլում Թրամփին է աջակցում հանրապետականների 94%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում ԱՄՆ ողջ պատմության ընթացքում:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Թրամփի վարչակազմին և հանրապետականներին հաջողվեց գործընթացից դուրս գալ առանց լուրջ կորուստների՝ քաղելով առավելագույն դիվիդենտներ, ինչի մասին է փաստում ընտրություններին ընդառաջ Թրամփի բարձր վարկանիշը ինչպես իր թիմակիցների, այնպես էլ ամերիկյան հանրության շրջանում:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել