Հասարակական

Պատգամավորներն օրինագծով առաջարկում են առավելագույնս թափանցիկ դարձնել ՏԻՄ-երի գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Պատգամավորներն օրինագծով առաջարկում են առավելագույնս թափանցիկ դարձնել ՏԻՄ-երի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Դավիթ Մանուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը:

Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակեն տեղեկատվություն 1 մլն դրամը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ՝ դրանք ընդունելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում:

Համայնքների կողմից օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջը վերջիններիս գործելակերպը կդարձնի առավելագույնս թափանցիկ, զերծ կպահի նրանց կասկածելի հովանավորչություններից եւ ազդեցություններից, ինչն էլ իր հերթին կնպաստի հանրային իշխանության մարմինների, մասնավորապես, համայնքների նկատմամբ վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում