Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանն Իսլանդիայում հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ

3 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանն Իսլանդիայում հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու նպատակով Ռեյկյավիկում մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների ու ակադեմիական բնագավառի ականավոր ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Հունվարի 28-ին Ռեյկյավիկում պատգամավորը հանդիպել է խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնի հետ: Անդրադարձ է կատարվել հայ-իսլանդական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին և ՀՀ ԱԺ Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի հետագա անելիքներին: Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները: Քննարկվել են Մարգրետ Տրիգվադոտիրի և մի խումբ այլ պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի և առաջխաղացման գործընթացին նպաստելու հետագա անելիքները: Պատգամավորը խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները և Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սիգրիդուր Անդերսենի հետ: Որպես Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի անդամ` պատգամավորն ընդգծել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը: Նա ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը, ինչպես նաև կարևորել Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համապատասխան բանաձևի ընդունումը: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ քայլով Իսլանդիան իր ներդրումը կունենա ցեղասպանությունների կանխարգելման գործում և որպես օրինակ է բերել բոլորովին վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի և Սենատի կողմից ընդունված բանաձևը:

Հունվարի 28-ին Ռեյկյավիկում ցուցադրվել է Ջո Բերլինգերի` Հայոց ցեղասպանության մասին "Intent to destroy: Death, denial & depiction“ փաստավավերագրական ֆիլմը: Ներկա են եղել Իսլանդիայի մի շարք քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը: Ցուցադրությունից առաջ Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ներածական խոսքով:

Հունվարի 29-ին Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել Իսլանդիայի առաջատար Ֆրետաբլադիդ (FrռttablaՐiՐ) լրատվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում