Հասարակական

ՄԻՊ-ն առաջին անգամ դիրքորոշում է ներկայացրել ՄԻԵԴ-ի ընդունած վճռի կատարման վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն առաջին անգամ դիրքորոշում է ներկայացրել ՄԻԵԴ-ի ընդունած վճռի կատարման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը և Հելսինկյան կոմիտեն առաջին անգամ ԵԽ Նախարարների կոմիտե են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետհամատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։

Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։

Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։

Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին, ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին, փաստաբանի իրավունքին, բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ:

Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում