Հասարակական

Վերաքննիչ դատարանն ավարտեց Քոչարյանի գործով դատախազության բողոքի քննությունը

2 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանն ավարտեց Քոչարյանի գործով դատախազության բողոքի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 3-ին շարունակեց դատախազության կողմից բերված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքի քննությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով, առաջին ատյանը գերակա է համարել մասնավոր շահը, բայց միևնույն ժամանակ, դռնփակ նիստում, ապահովելով գաղտնիության ռեժիմը, հավասարակշռել է այն հանրային շահի հետ:

Ըստ Խուդոյանի՝ պաշտպանական կողմին տրամադրված հատորներում ներկայացված ցուցմունքներն ամբողջական չեն:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ մասնավոր շահին անհիմն առավելություն տալով հանրային շահի նկատմամբ, ուստի դատարանի որոշումը ենթակա էամբողջությամբ բեկանման։ Ըստ Պետրոսյանի՝ մեղադրյալը կարող է ծանոթանալ այն գործի նյութերին, որի շրջանակում իրեն մեղադրանք է առաջադրվել:

Դատարանն ավարտեց բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 10:30-ին։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում