Արցախ

Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է Ասկերանի շրջանի երեք համայնքների բնակիչների հետ

2 րոպեի ընթերցում

Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է Ասկերանի շրջանի երեք համայնքների բնակիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 1-ին աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանում և հանդիպումներ ունեցել Նախիջևանիկի, Վարդաձորի, Սառնաղբյուրի համայնքների բնակիչների հետ: Գրիգորի Մարտիրոսյանը լսել է բարձրացված խնդիրներն ու պատասխանել նրանց հուզող տարբեր հարցերի:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ի պատասխան խնդիրները դասակարգելու և առաջնահերթությունները հստակեցնելու պետական նախարարի առաջարկի՝ Նախիջևանիկի բնակիչները պետական միջամտություն են ակնկալել խմելու ջրի կարգավորման հարցում: Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպմանը ներկա քաղաքաշինության նախարարի տեղակալին հանձնարարել է կարճ ժամանակամիջոցում ուսումնասիրել խնդիրն ու Նախիջևանիկի օրվա կարգավորիչ ջրամբարի շինարարությունն ընդգրկել այս տարվա կապիտալ ներդրումների ծրագրում, նամանավանդ, որ այդ աշխատանքի վերջնարդյունքում խմելու ջրի խնդիրը լուծվելու է նաև հարևան Վարդաձոր համայնքում:

Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովության պետական աջակցության ուղղություններին, Նախջևանիկ և Վարդաձոր համայնքների դպրոցական շենքի վերանորոգման ու նախակրթարան հիմնելու, Սառնաղբյուրում ակումբ ունենալու հեռանկարներին: Պետական նախարարը բնակիչների հետ քննարկել է նաև հին աղբյուրների վերականգնման, ճանապարհաշինությանը վերաբերող հարցեր:

Աշխատանքային այցի ընթացքում պետնախարարին ուղեկցել են Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում