Հասարակական

Կառավարությունը 30 տոկոսով բարձրացնում է ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը 30 տոկոսով բարձրացնում է ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 30 տոկոսով բարձրացնում է ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ներկայումս 179 հաստիք թափուր է ՔԿՀ-ներում, որի գերակշռող մասը` 112 հաստիք, կազմում են քրեակատարողական հիմնարկի առաջատար և կրտսեր խմբի պաշտոնները, որոնք ամենավտանգավորն ու ամենառիսկային աշխատանքներն են կատարում, և որոնք ամենախոցելին են կոռուպցիոն ռիսկերի ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հարցերում:

«Այս որոշման հիմքում նաեւ քրեական ենթամշակույթի հաղթահարման կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Կրտսեր անձնակազմի աշխատակիցը ներկայումս ստանում է 150 հազար 470 դրամ և կատարում է ամենառիսկային աշխատանքը, իսկ ՔԿՀ պետը մոտ 411 հազար դրամ և պարգևատրման գումարն էլ մոտ 500 հազար դրամ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ՔԿՀ-ներում կա նաև հոգեբանների ու հոգեբույժների կարիք, ինչը ևս աշխատավարձի հետ է կապված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահ համակարգը նոր տեմպով ու թափով պետք է աշխատի, նա նաև կարևորեց քրեակատարողական հիմնարկների սննդի կազմակերպման նոր կարգը: «Ըստ պաշտոնական տեղեկությունների, այն ՔԿՀ-ներում, որտեղ սնունդը նոր կարգով է տրամադրվում, կալանավորների մոտ 100 տոկոսն օգտվում է այդ ծառայություններից: Նախկին համակարգում շատ վատ վիճակ էր, և նախկինում 10-20 տոկոսն էր երևի օգտագործում ՔԿՀ-ի սնունդը: Սա նաև դատապարտված ու կալանավորված անձանց ընտանիքների համար սոցիալական բեռի էական թեթևացում է: Այսօր ՔԿՀ-ում ունենք բազում թափուր աշխատատեղեր: Պատճառն այն է, որ աշխատավարձերը ցածր են, ռիսկայնությունը՝ բարձր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս որոշմամբ դե ֆակտո նոր աշխատատեղեր են ստեղծում:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ այս տարվա ամռանից ՀՀ բոլոր 12 ՔԿՀ-ներում կանցնեն սննդի տրամադրման նոր կարգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում