Հասարակական

Մաքսանենգությունների բացահայտման թիվն աճել է. գերակշռում են թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը

2 րոպեի ընթերցում

Մաքսանենգությունների բացահայտման թիվն աճել է. գերակշռում են թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 22 տոկոսով ավել: Գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, ՄԾ գնդապետ Վարդան Վարդանյանը:

«ՊԵԿ-ի մաքսանենգության դեմք պայքարի վարչության կողմից 2019-ի ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք: 2018 թվականի համեմատությամբ ունենք բացահայտումների աճ 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ»,-ասաց Վարդանյանը։

Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը՝ 142 դեպք կամ ընդհանուր խախտումների 70%-ը: 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 11 կգ ափիոն, 8,2 կգ մեթամֆետամին, շուրջ 3կգ կետամին, 1,3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային 74 սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 16.500 դեղահաբ և դեղապատիճ: 2018 թվականի համեմատ մոտ 2,5 անգամ ավելացել է առգրավված մեթամֆետամինի, 8 անգամ՝ մեթադոնի, 12 անգամ՝ հաշիշի ու մարիխուանայի և 17 անգամ՝ բուպրենորֆինի քանակը:

Նա վստահեցրեց՝ այդ երևույթի դեմ պայքարում մշտապես հսկողություն են իրականացնում: Վարդանյանի խոսքով խնդիրն ավելի մեծ կարևորություն է ստանում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ տարածքը տարանցիկ միջանցք է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետությունից այլ երկրներ թմրանյութերի փոխադրման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում