Հասարակական

Թովմասյանի պաշտպանը պահանջում է խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման պատճենը

2 րոպեի ընթերցում

Թովմասյանի պաշտպանը պահանջում է խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման պատճենը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննիչները պետք է հնարավորություն տան ծանոթանալու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին այս մասին ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ պաշտպանական իրավունքը պետք է ամբողջ ծավալով իրականացվի:

Նա հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայության քննիչները և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում:

«Քննչական գործողության էությունը խուզարկությունն է: Կա դատարանի որոշում: Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը: Մասնավորապես, Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը: Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել»,- ասաց Մակինյանը:

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում