Հասարակական

ՄԻՊ-ը ներդրել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» էլեկտրոնային համակարգը

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը ներդրել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» էլեկտրոնային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության և ՄԱԿ-ի գործընկերների աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը Ֆեյսբուք-ի «Մեսինջեր»-ում ներդրել է «Ազատազրկվածների իրավախորհրդատու» էլեկտրոնային ավտոմատացված համակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այս համակարգը գործում է երկու լեզվով:

«Յուրաքանչյուրը Ֆեյսբուքի «Մեսինջեր»-ով կարող է գտնել այդ համակարգը՝ «Ազատազրկվածի իրավախորհրդատու» որոնելով: Այդտեղ կան 300-ից ավելի հարցերի պատասխաններ ավտոմատացված համակարգի հիման վրա: Նման բան Հայաստանում առաջին անգամ է ներդրվում, որի նպատակն է իրազեկման աշխատանքը բարձրացնել, կանխարգելման աշխատաքները մեծացնել: Այս երկու կարևոր նախաձեռնությունները մենք ներդրել ենք Եվրամիության և ՄԱԿ-ի գործընկերների աջակցությամբ, ինչպես նաև փորձագետների ներգրավմամբ»,- ընդգծեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց նաև, որ իրենց կառույցը նախաձեռնել է ստեղծել Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները:

«Սա Մարդու իրավունքների պաշտպանի իրաբանությունն է և այն սկզբունքներն են, որոնցով մենք ղեկավարվում ենք խախտումներ արձանագրելիս մարդու իրավունքների ոլորտում: Առաջին այդ փորձը վերաբերում է ազատազրկման վայրերին: Այդ փաստաթուղթը կազմված է հատուկ սկզբունքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մեր գործունեության արդյունքների վրա հիմնված: Դրանով հանդերձ մենք հավակնում ենք նշելու, որ մարդու իրավունքի պաշտպանի զեկույցները և փաստաթղթերը նույնպես իրավունքի աղբյուր են, և այդ փաստաթուղթը օգտակար է ոչ միայն քաղաքացիների, այլ նաև դատավորների, դատախազների և քննիչների համար, որը կնպաստի մարդու իրավունքի պաշտպանության բարելավմանը»,- եզրափակեց Թաթոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում