Հասարակական

ՔԿ-ն առաջարկում է վերացնել բացը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հոդվածում

4 րոպեի ընթերցում

ՔԿ-ն առաջարկում է վերացնել բացը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հոդվածում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն առաջարկում է նոր իրավական կարգավորում, որը հնարավորություն կտա համարժեք և համաչափ պատիժ նախատեսել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ընդունման արդյունքում Քննչական կոմիտեն կվերացնի օրենսդրական բացը՝ պատիժ սահմանելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ դրանով իսկ հստակեցնելով տվյալ հանցագործության որակումը և ապահովելով պատժի համաչափության սկզբունքի պահպանումը:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Օրենսդիրը պատասխանատվություն է նախատեսել նաև ծանրացնող հանգամանքներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Հոդվածի 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը:

«Ըստ այդմ, հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Գործնականում հանցագործության որակման խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը դիտավորությամբ է առաջացրել ծանր հետևանքներ: Իրավակիրառ պրակտիկայում այս դեպքերում,օրենսդրական բացի պատճառով, արարքը որակվում է 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը, ինչպես վերը նշվեց, ավելի մեղմ պատիժ է նախատեսում, քան անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջանալու պարագայում: Այսինքն, գործող օրենքի ներկայիս կարգավորումը հնարավորություն չի տալիս ավելի խիստ պատասխանատվություն սահմանել դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելու համար: Նման իրավակարգավորումը արդարացի և տրամաբանական չէ, խախտում է պատժի համաչափության սկզբունքը և չի բխում պատժի նպատակներից:

Այս առումով հարկ է նշել նաև, որ ծանր հետևանքների նկատմամբ հանցավորի կողմից դրսևորած մեղքի ձևի հարցը իրավաբանական գրականության մեջ ևս միասնական լուծում չի ստացել»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում