Հասարակական

Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում չի համարում

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում չի համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում չի համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանն ասաց հունվարի 13-ին լրագրողների հետ զրույցում:

«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ իրեն մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ երբևէ ունեցած պաշտոնի հետ: Քաղաքական հետապնդումների վերաբերյալ խոսք լինել չի կարող»,- ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՍԴ շուրջ ճգնաժամը դեռ շարունակվո՞ւմ է, Միրզոյանը նշեց՝ այո:

«Իհարկե: Հանգուցալուծում չի ստացել, ես բազմիցս առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու»,- նշեց նա:

Հատուկ քննչական ծառայությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

2019թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կիցօրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում