Քաղաքականություն

«Իրանական ժամադրությունների չեղարկում».ԱՄՆ դեսպանատունը նման անվանմամբ հայտարարություն է հրապարակել

2 րոպեի ընթերցում

«Իրանական ժամադրությունների չեղարկում».ԱՄՆ դեսպանատունը նման անվանմամբ հայտարարություն է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեսպանատունը այս մասին վկայող հայտարարությունը հրապարակվել է եռալեզու՝ հայերեն, անգլերեն և պարսկերեն: Թեև հայտարարության տեքստում Իրան կամ իրանցիներ բառերը չկան, սակայն հղման տողում նշվում է «Իրանական ժամադրությունների չեղարկում», նույն անվանումն է կրում նաև հայտարարության ֆայլը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագրերի տրամադրման ծառայություններ է մատուցում նաև Իրանի քաղաքացիներին:

Դեսպանատունը տեղեկացնում է, որ հարցազրույցի չեղարկման դեպքում խորհուրդ է տրվում հետևել հարցազրույցների նշանակման կայքին՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ «Եթե հարցազրույցի նոր օր է նշանակվել դեսպանատան կողմից, ապա քաղաքացին էլեկտրոնային փոստով նամակ կստանա: Դեսպանատունը կվերանշանակի հարցազրույցի օրն առաջին հնարավորության դեպքում»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ փոփոխություններ են գրանցվել դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգում: Մասնավորապես, Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմորդներին տեղեկացնում է, որ անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն:

«ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ: Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում։ Խնդրում ենք ձեր այցը պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք մեր ծառայությունները մատուցել ըստ պատշաճի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում